30 Նոյեմբեր, Շբ
27 Դրանից յետոյ դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը, մաքսատանը նստած, գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: 28 Եւ նա, թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից: 29 Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել: 30 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ եւ ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին: 32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: 33 Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»: 34 Եւ նա ասաց նրանց. «Մի՞թէ կարող էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: 35 Կգան օրեր, երբ որ փեսան նրանցից կվերցուի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»: 36 Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կպատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ: 37 Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափուի, եւ տիկերը կփչանան: 38 Այլ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կպահուեն: 39 Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը չի ուզի, որովհետեւ կասի, թէ հինը աւելի լաւն է»: