30 Նոյեմբեր, Շբ
26 Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»: 27 Նա վեր կացաւ ու գնաց: Եւ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28 վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում: 29 Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»: 30 Եւ Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31 եւ ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»: Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կկարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»: Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի: 32 Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառը իր բուրդը խուզողի առաջ, այնպէս էլ նա իր բերանը չի բացում. 33 իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ. եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի. քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»: 34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»: 35 Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան: 36 Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ: Եւ ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»: 37 Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծոյ Որդին է»: 38 Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան: 39 Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ: Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40 իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում: Եւ շրջելով աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա: