30 Նոյեմբեր, Շբ
1 Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2 որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3 քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը: 4 Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է: 5 Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6 քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»: 7 Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «Այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»: 8 Ինչպէս նաեւ՝ «Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին: 9 Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: 10 Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք: