30 Նոյեմբեր, Շբ
18 Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք, Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով, խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից: Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»: Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում: 19 Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ ու քաղաք մտաւ եւ յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց Դերբէ: 20 Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝ 21 աշակերտածների սրտերն ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ: Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծոյ արքայութիւնը»: 22 Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին: 23 Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա: 24 Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա: 25 Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծոյ շնորհներին այն գործի համար, որ կատարեցին: 26 Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ հաւատի դուռը բացեց: 27 Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ: