30 Նոյեմբեր, Շբ
16 Եւ մինչ Պօղոսն Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ: 17 Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ՝ ամէն օր ում որ հանդիպում էր: 18 Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք ձեռ առնելով վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»: Իսկ ուրիշներն էլ թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին եւ յարութիւնն էր աւետարանում: 19 Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ինչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես: 20 Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ինչ բաներ կլինեն» 21 (որովհետեւ աթէնացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն՝ ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք): 22 Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթէնացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23 քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ “Անծանօթ Աստծուն”. ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ: 24 Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա է Տէրը երկնքի եւ երկրի. 25 նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր: Նա է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ: 26 Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27 որ փնտրեն Աստծուն եւ խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28 քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք: 29 Եւ արդ, որովհետեւ Աստծոյ զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած: 30 Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31 քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն Մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամէնքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»: 32 Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»: 33 Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց: 34 Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ: