30 Նոյեմբեր, Շբ
1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3 Արդարեւ, Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին: