30 Նոյեմբեր, Շբ
13 Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17 եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: 18 Գիտեմ,– ասաց նա,– թէ ինչ պէտք է անեմ. կքանդեմ իմ շտեմարաններն ու աւելի մեծերը կշինեմ եւ այնտեղ կհաւաքեմ ցորենն ու իմ ամբողջ բարիքները. 19 եւ ինքս ինձ կասեմ. ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”: 20 Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”: 21 Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհաւաքի եւ Աստծով չի հարստանայ»: 22 Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ՝ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու. 23 որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: 24 Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: 25 Ձեզնից ո՞վ հոգս անելով կկարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 26 Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: 27 Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ. Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: 28 Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: 29 Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ինչ էք ուտելու կամ ինչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30 որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: 31 Այլ դուք հետամուտ եղէք Աստծոյ արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կտրուի ձեզ: