17 Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին: 18 Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք. չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, 19 որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: 20 Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, այն է, որ պղծում է մարդուն, 21 որովհետեւ ներսից՝ մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, 22 գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն: 23 Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»: 24 Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ: 25 Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը: 26 Այս կինը հեթանոս էր՝ փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի: 27 Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացն առնել ու շների առաջ գցել»: 28 Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»: 29 Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛. դեւը քո աղջկանից դուրս ելաւ»: 30 Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ: