30 Նոյեմբեր, Շբ
16.13 Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: 20 Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: 21 Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: 22 Եւ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: 23 Եւ նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: 24 Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 25 որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կկորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն: 26 Ի՛նչ օգուտ կունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 27 քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կհատուցի ըստ իր գործերի: 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
17.1 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին, եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2 եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպէս լոյսը: 3 Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: 4 Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: 5 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, նրա՛ն լսեցէք»: 6 Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: 7 Եւ Յիսուս մօտենալով դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: 8 Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: 9 Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: 10 Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: 11 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կգայ եւ կվերահաստատի ամէն ինչ. 12 բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: 13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց: