30 Նոյեմբեր, Շբ
36 Ու նստած նրան պահպանում էին: 37 Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ «Սա է Յիսուսը՝ հրեաների Թագաւորը»: 38 Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակների՝ մէկը՝ նրա աջից եւ միւսը՝ ձախից: 39 Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. 40 «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծոյ Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: 41 Նոյնպէս եւ քահանայապետները՝ օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի Թագաւորն է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ նրան կհաւատանք: 43 Եթէ նա յոյսը դրել էր Աստծոյ վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է այդ. քանի որ ասաց, թէ՝ “Աստծոյ Որդի եմ”»: 44 Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 45 Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը: 46 Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Նա Եղիային է կանչում»: 48 Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի: 49 Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կգա՞յ, որ նրան փրկի»: 50 Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: