30 Նոյեմբեր, Շբ
29 Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային՝ այն լեռան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30 եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմաց է. երբ այնտեղ մտնէք, կգտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: 31 Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. “Իր տիրոջը պէտք է”»: 32 Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: 33 Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերն ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: 34 Եւ աշակերտներն ասացին. «Իր տիրոջը պէտք է»: 35 Եւ այն բերեցին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին: 36 Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ: 37 Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան: 38 Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»: 39 Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: 40 Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ նրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն»: 41 Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. 42 «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. 43 որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեցնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44 ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»: 45 Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46 ու ասաց նրանց. «Գրուած է՝ “Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի”, իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այն»: 47 Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտրում նրան կորստեան մատնելու, 48 բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան: