12 Յաջորդ օրը ժողովրդի բազմութիւնը, որ Զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս, 13 արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ: Աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜յ, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ Թագաւոր Իսրայէլի»: 14 Եւ Յիսուս, մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է. 15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո Թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»: 16 Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, եւ իրենք այդ էին արել նրան: 17 Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց: 18 Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն է արել: 19 Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»: 20 Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն: 21 Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»: 22 Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին: 23 Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին: