30 Նոյեմբեր, Շբ
13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք եւ թէ հաւատում էք Աստծոյ Որդու անուանը: 14 Եւ այս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. 15 եւ քանի որ գիտենք, որ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից: 16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կշնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա մասին չեմ ասում, որ խնդրես: 17 Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է: 18 Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում: 19 Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է: 20 Եւ գիտենք, որ Աստծոյ Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք: 21 Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք ձեզ կռապաշտութիւնից: