Գրքեր

Առակներ 20.6-22

6 Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ: 7 Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի: 8 Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից: 9 Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից: 10 Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը՝ երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները. այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը: 11 Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում: 12 Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել: 13 Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով: 14 «Վատ է, վատ է»,– ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով: 15 Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ: 16 Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան: 17 Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով: 18 Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ: 19 Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ: 20 Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը: 21 Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել, վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել: 22 Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․