12 Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր բարկութիւնը պիտի թափի նաեւ մեծամտացողի վրայ, Ասորեստանի իշխանի եւ գոռոզութեամբ փայլող նրա աչքերի վրայ: 13 Արդարեւ, նա ասաց. «Իմ զօրութեամբ կկատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կյափշտակեմ նրանց հարստութիւնները, կցնցեմ շէն քաղաքները, 14 իմ բազկով կյարձակուեմ բոլոր երկրների վրայ, ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կվերցնեմ, ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկուի, ոչ ոք ինձ չի ընդդիմանայ, բերանը չի բացի եւ ծպտուն չի հանի»: 15 Այսպէս ասաց Տէրը. «Մի՞թէ կացինը կբարձրանայ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս էլ՝ գաւազանը կամ ցուպը, եթէ մէկը չբռնի այն: Այդպէս չի կարող լինել»: 16 Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու: 17 Լոյսն Իսրայէլի կրակ պիտի դառնայ եւ նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պէս պիտի լափի անտառը: 18 Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի: 19 Կենդանի մնացածները թուով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանայ հաշուել նրանց: