4 Մեծ վստահութիւն ունեմ ձեր հանդէպ. մեծապէս հպարտ եմ ձեզնով. լի եմ մխիթարութեամբ. մեր բոլոր նեղութիւնների մէջ լցուած եմ ուրախութեամբ. 5 որովհետեւ երբ մենք Մակեդոնիա հասանք, ոչ մի բանով հանգիստ չունեցանք, այլ ամէն կողմից նեղութիւն կրեցինք, քանի որ դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհաւիրքներ: 6 Բայց Աստուած, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով. 7 ոչ միայն՝ նրա գալով, այլեւ այն մխիթարութեամբ, որով մխիթարուել էր նա ձեզ մօտ՝ պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրութիւնը իմ հանդէպ, այնպէս որ ես է՛լ աւելի ուրախ եղայ: 8 Եւ եթէ ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թէպէտ եւ զղջացել էի. որովհետեւ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ: 9 Արդ, ուրախ եմ. ոչ՝ որովհետեւ տրտմեցիք, այլ որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծոյ տրտմեցիք, այնպէս որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք. 10 որովհետեւ տրտմութիւնն ըստ Աստծոյ՝ ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում: 11 Արդ, քանի որ ըստ Աստծոյ տրտմեցիք, այդ բանը ի՜նչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ի՜նչ արդարացում կամ սաստ կամ երկիւղ կամ տենչանք կամ նախանձախնդրութիւն կամ վրէժխնդրութիւն. արդարեւ, ամէն ինչում դուք ձեզ ցոյց տուեցիք, որ մաքուր էք այդ հարցում: 12 Ապա ուրեմն, եթէ ես ձեզ գրեցի էլ, չգրեցի զրկանք պատճառողի եւ ոչ էլ զրկանք կրողի համար, այլ որպէսզի Աստծոյ առաջ յայտնի լինի մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածութիւնը: 13 Ահա թէ ինչու մխիթարուած ենք: Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանզի նրա հոգին ձեզնից՝ բոլորիցդ, հանգիստ էր գտել: 14 Եւ եթէ ձեզնով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խօսեցինք ձեզ հետ, նոյնպէս եւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ: 15 Եւ նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում էր մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան: 16 Եւ արդ, ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեզ վրայ: