5 Հոկտեմբեր, Շբ
1 Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելու”»: 2 Եւ Եզեկիան երեսը շրջեց դէպի պատը, աղօթք արեց ու ասաց. 3 «Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»: Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան: 4 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Եսայուն, ասաց. 5 «Գնա եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. “Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի. 6 Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այս քաղաքը, պիտի պահապան լինեմ այս քաղաքին”: 7 Եւ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, թէ Աստուած կատարելու է այն խօսքը, որ ասաց. 8 “Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու”»: Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել: