21 եւ նրանո՛վ հաշտեցնել ամէն ինչ իր հետ՝ խաղաղութիւն անելով խաչի վրայ թափած իր արեամբ ե՛ւ երկրի վրայ, ե՛ւ երկնքում եղածների համար։ 22 Եւ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով եւ չար գործերով, այժմ, 23 ահա՛ւասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահուամբ, որպէսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, 24 եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն Աւետարանի, որ լսեցիք եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ։ 25 Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին. 26 դրան ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծու տնտեսութեան, որ տրուեց ինձ՝ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծու խօսքը, 27 այն խորհուրդը, որ ծածկուած էր դարերից եւ սերունդներից, եւ որ այժմ յայտնուեց իր սրբերին. 28 Աստուած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ինչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի յոյսը, ձեր մէջ։ 29 Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս,