5 Հոկտեմբեր, Շբ
13 Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ Մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտե՛ղ մնա, մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտրում է այդ Մանկանը կորստեան մատնելու համար»: 14 Եւ նա վեր կացաւ, առաւ Մանկանն ու նրա մօրը գիշերով եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, 15 որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ «Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն»: 16 Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որը ստուգել էր մոգերից: 17 Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ «Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18 Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային»: 19 Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. 20 «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ Մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ Մանկան մահն էին ուզում»: 21 Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ Մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը: 22 Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը 23 եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ «Նազովրեցի պիտի կոչուի»: