1 Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. 2 Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն 4 եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կլինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծոյ ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. 5 քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, 6 որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ: 7 Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ՝ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են: 8 Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով: 9 Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, 10 պոռնիկների, արուամոլների, մարդագողների, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, 11 վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծոյ փառաւոր աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես: