Բ Կորնթացիներ 4.10-5.5

4.10 Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ: 12 Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ: 13 Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»: Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք: 14 Այս գիտենք, որ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կտայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ. 15 քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծոյ: 16 Դրա համար էլ չենք տկարանում. այլ թէպէտ եւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. 17 որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ. 18 քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական:

5.1 Քանզի գիտենք, որ եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում: 2 Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել: 3 Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. 4 քանի որ մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից: 5 Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․