18.7 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում՝ գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լեռան վրայ:
19.1 Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն: 2 Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ: 3 «Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին: 4 Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց»,– այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը: 5 Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու: 6 Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը, 7 գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են: