Ա Թագավորություններ 3.21-4.18

3.21 Տէրը կրկին երեւաց Սելովում: Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի: Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը: Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր:

4.1 Այդ օրերին այլազգիները341 յարձակուեցին Իսրայէլի վրայ: Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում: 2 Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց: 3 Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ: Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ: Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»: 4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը: Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին: 5 Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց: 6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»: 7 Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի: Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի: Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր: 8 Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը: Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից: Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում: 9 Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ եղան: Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»: 10 Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը: Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ: 11 Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին: 12 Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով: Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել: 13 Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար: Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց: 14 Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»: Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին: 15 Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում: Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»: 16 Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»: Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»: 17 Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»: 18 Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր: Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․