Հոբ 12.1-13.6

12.1 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2 «Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու: 3 Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ: 4 Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի: 5 Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած: 6 Բայց ով որ չար լինի, թող երբեք չյուսայ, թէ անպարտ կլինի: Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան: 7 Բայց դէ եկ ու հարցրու գազանին, թէ կտայ պատասխան, երկնքի թռչունին, թէ մի բան կասի քեզ. 8 ու պատմի՛ր դու երկրին, թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կպատմե՞ն մի բան քեզ: 9 Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ: 10 Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի: 11 Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր: 12 Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ: 13 Նրանից գալիս են ուժ, իմաստութիւն, Նրանն են խորհուրդներն ու հանճար: 14 Թէ նա կործանի, ո՞վ կշինի այն, թէ նա փակ դնի մարդկանց առաջ, ո՞վ բաց կանի այն: 15 Թէ նա արգելք դնի ջրերի առաջ, կչորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ, կկործանի երկիրը: 16 Նրանից են գալիս ուժ ու զօրութիւն, նրանն են հանճար եւ իմաստութիւն: 17 Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին, 18 գահերին է նստեցնում արքաներին եւ գօտի կապում նրանց մէջքին: 19 Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին: 20 Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում: 21 Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա: 22 Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի: 23 Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց եւ առաջնորդում: 24 Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն: 25 Խաւարի միջին միշտ կխարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կմոլորուեն:

13.1 Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս: 2 Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից: 3 Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար: 4 Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն: 5 Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կգայ ձեզ այցելութեան: 6 Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․