28 Նոյեմբեր, Եշ
1 Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից: 2 Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից: 3 Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ: 4 Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում, եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը: Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից: 5 Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել: 6 Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է: 7 Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով: 8 Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել: 9 Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել: 10 Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից: 11 Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի: 12 Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ օրէնքների դէմ մեղանչելու համար եւ պարսաւում է մեզ մեր երիտասարդական մեղքերի համար: 13 Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում: 14 Մեր առջեւ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա: 15 Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները: 16 Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն Հայր է կոչում: 17 Տեսնենք, արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ինչ է լինելու նրա վախճանը: 18 Եթէ, արդարեւ, Աստծոյ որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից: 19 Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը: 20 Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կլինի՞ նրան»: 21 Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը: 22 Չճանաչեցին Աստծոյ խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձը եւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը: