28 Նոյեմբեր, Եշ
1 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչուող գնդից մի հարիւրապետ. 2 նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով, շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր: 3 Կէսօրից յետոյ, ժամը երեքի մօտ, տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծոյ հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս: 4 Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տէ՛ր»: Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները յիշատակուելով՝ Աստծոյ առաջ ելան: 5 Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչիր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. 6 նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»: 7 Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի 8 ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց: 9 Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու: 10 Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում: Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. 11 եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ: 12 Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: 13 Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: 14 Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»: 15 Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»: 16 Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ: 17 Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքը ինչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, 18 ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»: 19 Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ, ինչ-որ մարդիկ քեզ փնտրում են. 20 ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»: 21 Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտրում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել»: 22 Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչել իր տունը եւ քեզնից լսել, ինչ որ ասելու ես»: 23 Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց: Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին: