28 Նոյեմբեր, Եշ
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: 8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: 9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները: 10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: 11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն: 12 Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծոյ ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացէք: 13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը: 14 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն: