28 Նոյեմբեր, Եշ
1 Յիսուս շաբաթ օրով անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: 2 Փարիսեցիները, երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»: 3 Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին: 4 Թէ ինչպէս մտաւ Աստծոյ տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար: 5 Կամ թէ օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները խախտում են շաբաթը եւ անմեղ են: 6 Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ: 7 Եւ եթէ իմանայիք, թէ ինչ է նշանակում՝ «Ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8 ուրեմն, մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»: 9 Յիսուս, այստեղից մեկնելով, եկաւ նրանց ժողովարանը: 10 Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: 11 Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնի ու վեր հանի այն: 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: 13 Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: 14 Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արեցին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: 15 Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց: 16 Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17 որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. 18 «Ահա իմ Ծառան, որին ընտրեցի, եւ իմ Սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի. 19 նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի. 20 ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի. 21 եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»: