28 Նոյեմբեր, Եշ
1 Եւ եղաւ, որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթե՛լ սովորեցրու, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»: 2 Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայութիւնը թող գայ: 3 Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ ամէն օր: 4 Եւ մեր մեղքերը մեզ ների՛ր, ինչպէս մենք էլ ներում ենք ամէն մարդու, որ յանցանք է գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան»: 5 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան՝ “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փոխ տուր, 6 որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”, 7 իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. “Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ”: 8 Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի պատճառով վեր կենալով կտայ նրան, ինչ որ պէտք է: 9 Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կտրուի ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեզ համար, 10 որովհետեւ ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ: 11 Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, մի՞թէ ձկան փոխարէն օձ կտայ նրան. 12 եւ կամ ձու ուզի, մի՞թէ կարիճ կտայ նրան: 13 Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կտայ նրանց, ովքեր ուզում են իրենից»: