28 Նոյեմբեր, Եշ
39 Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: 41 Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր. «Ես եմ երկնքից իջած հացը»: 42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում. “Ես երկնքից իջայ”»: 43 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջացէք իրար մէջ. 44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կտամ: 45 Մարգարէների գրքերում գրուած է. “Եւ ամէնքը Աստծուց ուսանած կլինեն”: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել Հօրը: 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: 48 Ես եմ կենաց հացը: 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: 50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով որ սրանից ուտի, չմեռնի: 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52 եթէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: 53 Հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: 54 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: 55 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, 56 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: 57 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կբնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: 58 Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով: 59 Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կապրի յաւիտեան»: 60 Նա այս բաներն ասաց Կափառնայումի ժողովարանում ուսուցանելիս: 61 Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: 62 Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղո՞ւմ է. 63 իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր... 64 Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կեանք: 65 Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 66 «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»: 67 Դրա վրայ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: 68 Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»: 69 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: 70 Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին»: 71 Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ. եւ ձեզնից մէկը սատանայ է»: 72 Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու իրեն. եւ տասներկուսից մէկն էր: