Գործք 18.12-28

12 Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները միաբանուելով՝ Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին: 13 Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»: 14 Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալ իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15 բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»: 16 Եւ նրանց ատեանից դուրս արեց: 17 Եւ բոլոր յոյները, ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով, ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը դրանից բնաւ չէր անհանգստանում: 18 Իսկ Պօղոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տուեց եւ նաւարկեց դէպի Ասորիք: Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը: Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել: 19 Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը, ժողովարան մտնելով, խօսքն ուղղեց հրեաներին: 20 Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21 այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծոյ կամքով նորից կգամ ձեզ մօտ»: 22 Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր՝ Երուսաղէմ, եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք: 23 Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին: 24 Ապողոս անունով մի հրեայ՝ ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ Գրքերին: 25 Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին: Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը: 26 Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել: Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծոյ ճանապարհը: 27 Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն: Երբ նա այնտեղ հասաւ, Աստծոյ շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28 քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, որ Յիսուսն է Քրիստոսը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․