28 Նոյեմբեր, Եշ
22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութեանն արձակի: 23 Եւ երբ ժողովրդի բազմութեանն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24 Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25 Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայով: 26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին՝ «Ինչ-որ ուրուական է», ու սարսափից աղաղակեցին: 27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28 Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29 Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը, նաւակից իջնելով, քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30 Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33 Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին ես դու»: 34 Եւ կտրել-անցնելով ցամաք ելան Գեննեսարէթում: 35 Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին: