Ավ. ըստ Մատթեոսի 15.29-16.12

15.29 Եւ Յիսուս, մեկնելով այդտեղից, եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ: 30 Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերեցին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31 այնպէս որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն: 32 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով աշակերտներին, ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: 33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: 34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին. «Եօթ եւ՝ մի քանի ձուկ»: 35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: 36 Եւ վերցնելով եօթ նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: 37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթ լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: 38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին: 39 Երբ նա ժողովրդի բազմութիւնն արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:

16.1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: 2 Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց: 5 Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: 6 Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: 7 Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: 8 Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: 9 Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 10 ոչ էլ՝ եօթ նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: 11 Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: 12 Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․