Գործք 21.37-22.29

21.37 Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»: Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. 38 չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»: 39 Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ խօսքս ուղղեմ այդ ժողովրդին»: 40 Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը: Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց.

22.1 «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»: 2 Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին ու լռեցին: 3 Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ՝ այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան: Նախանձայոյզ էի Աստծոյ հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր: 4 Ես այս ճանապարհով ընթացայ մինչեւ մահ՝ կապելով ու բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, 5 ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում՝ եղբայրների մօտ, այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն: 6 Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. 7 եւ ես գետնին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում”: 8 Եւ ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տէ՛ր”: Եւ ինձ ասաց. “Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես”: 9 Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր: 10 Եւ ես ասացի. “Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր”: Եւ Տէրն ինձ ասաց. “Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կպատմուի այն բոլորի մասին, ինչ հրամայուած է քեզ անել”: 11 Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնելով առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ: 12 Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, 13 եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. “Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր”: 14 Եւ ես իսկոյն դէպի վեր՝ նրան նայեցի: Եւ ինձ ասաց. “Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանի խօսքը, 15 որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր: 16 Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով”: 17 Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. 18 տեսայ նրան, որն ինձ ասում էր. “Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու”: 19 Եւ ես ասացի. “Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին: 20 Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել ու համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում”: 21 Եւ նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ”»: 22 Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»: 23 Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում, 24 հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»: 25 Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»: 26 Երբ հարիւրապետն այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»: 27 Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»: Եւ նա ասաց՝ այո՛: 28 Հազարապետն ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»: Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»: 29 Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին: Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․