28 Նոյեմբեր, Եշ
22.30 Յաջորդ առաւօտ հազարապետը, ուզելով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ Պօղոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ:
23.1 Պօղոսը, հայեացքն ուղղելով ատեանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծոյ առաջ մինչեւ այսօր»: 2 Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին: 3 Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»: 4 Շուրջը կանգնողներն ասացին. «Աստծոյ քահանայապետի՞ն ես հայհոյում»: 5 Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանի որ գրուած է. “Քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես”»: 6 Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»: 7 Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, 8 որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ, ո՛չ էլ հրեշտակ եւ ո՛չ Հոգի. իսկ փարիսեցիներն ընդունում էին երկուսն էլ: 9 Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնսուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»: 10 Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառ-պատառ անեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից նրան վերցնել ու տանել զօրանոց: 11 Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ դու Հռոմում եւս վկայես»: