28 Նոյեմբեր, Եշ
10.46 Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: 47 Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: 48 Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 49 Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»: 50 Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ: 51 Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»: 52 Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
11.1 Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային՝ Ձիթենեաց լեռան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. 2 «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմաց է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կգտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: 3 Եւ եթէ մէկը ձեզ ասի՝ «Այդ աւանակն ինչո՞ւ էք արձակում», կասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կուղարկի»: 4 Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ դրսում՝ փողոցի մէջ, եւ այն արձակեցին: 5 Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»: 6 Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուեցին: 7 Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ: 8 Եւ շատերն իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշները ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ: 9 Եւ նրանք, որ առջեւից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. 10 օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»: 11 Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը՝ ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա տասներկուսի հետ միասին: