Գործք 2.1-21

1 Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: 2 Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: 3 Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ՝ նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ: 4 Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս: 5 Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ՝ երկիւղած մարդիկ՝ եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից: 6 Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում են իրենցից իւրաքանչիւրի լեզուով: 7 Ամէնքը հիանում էին ու զարմանում. եւ միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. 8 բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք: 9 Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, 10 Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ 11 թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծոյ մեծագործութիւնների մասին»: 12 Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»: 13 Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են»: 14 Պետրոսը, տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. «Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք. 15 սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է. 16 այլ՝ այս այն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով. 17 “Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին,– ասում է Աստուած,– որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները՝ տեսիլքներ եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն: 18 Եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, եւ նրանք պիտի մարգարէանան: 19 Եւ վերը՝ երկնքում, զարմանալի գործեր պիտի ցոյց տամ, իսկ ներքեւում՝ երկրի վրայ՝ նշաններ. արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ. 20 արեգակը խաւար պիտի դառնայ, եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը: 21 Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկուի”:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․