28 Նոյեմբեր, Եշ
1 Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մեզ համար հաճելի չլինել. 2 այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. 3 քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրայ ընկան»: 4 Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսն ընդունենք: 5 Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց՝ ըստ Յիսուս Քրիստոսի, 6 որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը: 7 Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ: 8 Ասեմ նաեւ, որ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծոյ ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը: 9 Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար, ինչպէս գրուած էլ է. «Դրա համար հեթանոսների մէջ գոհութիւն պիտի տամ քեզ եւ քո անուան համար սաղմոս պիտի երգեմ»: 10 Եւ դարձեալ ասում է, թէ՝ «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ»: 11 Եւ դարձեալ թէ՝ «Բոլո՛ր հեթանոսներ, օրհնեցէ՛ք Տիրոջը եւ գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»: 12 Եւ դարձեալ Եսային ասում է. «Պիտի գայ Յեսսէի արմատը, եւ նա, որ պիտի կանգնի, իշխան է հեթանոսներին. նրա վրայ յոյս պիտի դնեն հեթանոսները»: 13 Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք: