28 Նոյեմբեր, Եշ
6.18 Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը: 19 Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց: Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել: 20 Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծոյ առաջ, եւ մեզնից ո՞ւմ մօտ կգնայ Տիրոջ ուխտի տապանակը»: 21 Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք»:
7.1 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր: Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը: 2 Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան՝ քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից: