28 Նոյեմբեր, Եշ
1 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2 քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է սրբութիւն: 3 Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր սրբութիւնների սրբութիւն, 4 որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատուած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5 եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ: 6 Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում պաշտամունք կատարելու. 7 իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում. եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8 որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար: Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9 դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիքների 10 եւ պէս-պէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները: