Ա Կորնթացիներ 6.18-7.11

6.18 Փախէ՛ք պոռնկութիւնից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք գործում: 19 Չգիտէ՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որը ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, 20 քանզի մեծ գնով գնուեցիք: Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ:

7.1 Այժմ՝ այն բաների մասին, որ ինձ գրել էիք: Լաւ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ: 2 Բայց չպոռնկանալու համար իւրաքանչիւր մարդ թող իր կինը ունենայ, եւ ամէն կին՝ իր մարդը: 3 Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ. 4 որովհետեւ կինը չէ իր մարմնի տէրը, այլ՝ մարդը: Նոյնպէս եւ՝ մարդն իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը: 5 Մի՛ զրկէք միմեանց, այլ՝ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. եւ վերստին միմեանց դարձէք, որպէսզի սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալութեան պատճառով: 6 Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով. 7 որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց. մէկն՝ այսպէս, իսկ միւսն՝ այնպէս: 8 Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ: 9 Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել: 10 Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի: 11 Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․