28 Նոյեմբեր, Եշ
Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին: 2 Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի: Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց: 3 Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք. 4 էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի: 5 Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց: Հիմա ես ինքս կասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, եւ թող յափշտակութեան ենթարկուի այն. կկործանեմ նրա պարիսպները, եւ թող ոտքի կոխան լինի այն: 6 Կլքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի, թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում, եւ կպատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում: 7 Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ: 8 Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու: 9 Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին: Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ: 10 Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք, տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու: