28 Նոյեմբեր, Եշ
4 Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով. 5 մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը, 6 որը եւ կարող դարձրեց մեզ նոր ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում: 7 Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր, 8 որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կլինի. 9 արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կլինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի. 10 քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա առաջ, որի փառքը գերազանց էր. 11 որովհետեւ եթէ ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կլինի այն, որ գալու էր: 12 Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ. 13 եւ ոչ՝ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր: 14 Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածքների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու: 15 Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ: 16 Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կվերացուի, 17 որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է: