28 Նոյեմբեր, Եշ
9.10 Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները: 11 Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծոյ հանդէպ. 12 որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծոյ հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար: 13 Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն Քրիստոսի աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամէնքին: 14 Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծոյ այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ: 15 Եւ գոհութի՜ւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար:
10.1 Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզնից, համարձակ եմ ձեր հանդէպ: 2 Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում. 3 որովհետեւ թէպէտ եւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատառումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4 (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ Աստծոյ կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5 քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծոյ գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6 եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինել ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի: