17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը, առաջ վազելով, ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: 19 Պատուիրանները գիտես. մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: 20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: 21 Եւ Յիսուս, նրան նայելով, սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէկ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես, ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: 22 Եւ մարդը, այդ խօսքից խոժոռուած, գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: 23 Եւ Յիսուս, այս կողմ այն կողմ նայելով, ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: