2.20 Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծոյ Որդու հաւատով եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար: 21 Եւ ես Աստծոյ շնորհը չեմ անարգում, քանի որ եթէ արդարութիւնը օրէնքից է, ապա Քրիստոս զուր մեռաւ:
3.1 Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած: 2 Այս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ: 3 Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում: 4 Եւ այդքան փորձութիւններ զո՞ւր անցան ձեր գլխով, եթէ անշուշտ զուր էին: 5 Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ: 6 Այսպէս «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն»: 7 Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են: 8 Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւատով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»: 9 Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ: 10 Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»: 11 Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծոյ առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ «արդարը,– ասում է,– հաւատով է ապրելու»: 12 Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կապրի: