9.13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:
10.1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու: