3 Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ Քաղդէացիների երկրում՝ Քոբար գետի ափին: 4 Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ: 5 Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին: 6 Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ: 7 Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին: 8 Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց: 9 Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում: 10 Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը: 11 Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները: