1 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին: 2 Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր, 3 երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէս-պէս, պուտաւոր ձիեր: 4 Ես հարցրի եւ ասացի հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: 5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»: 6 Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր՝ սպիտակ ձիերինը նրա յետեւից, 7 աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում: Եւ Տէրն ասաց. «Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ»: Եւ նրանք շրջեցին երկրով մէկ: 8 Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»: