3 Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ: 8 Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնէ աստուածներ չէին. 9 իսկ այժմ, որ ճանաչեցիք Աստծուն, մանաւանդ որ Աստուած էլ ճանաչեց ձեզ, ինչպէ՞ս էք վերադառնում նորից դէպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց նորից ուզում էք ձեզ գերի դարձնել: 10 Պահում էք յատուկ օրեր, ամիսներ, եղանակներ եւ տարիներ: 11 Վախենում եմ, որ միգուցէ զուր եմ աշխատել ձեզ համար: 12 Եղէ՛ք ինչպէս ես, քանզի ես էլ ձեզ նման եղայ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել: 13 Դուք գիտէք, որ տկար մարմնով աւետարանեցի ձեզ առաջին անգամ, 14 եւ չանարգեցիք ու չարհամարհեցիք այն փորձութիւնները, որ կրում էի իմ մարմնի վրայ. այլ իբրեւ Աստծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ, իբրեւ Քրիստոս Յիսուս: 15 Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանութիւնը: Վկայում եմ ձեզ. եթէ հնար լինէր, ձեր աչքերը կհանէիք ու կտայիք ինձ: 16 Հիմա ինչո՞ւ թշնամի դարձայ ձեզ, որ ճիշտը խօսեցի: 17 Նրանք բարի դիտաւորութեամբ չէ, որ հետաքրքրւում են ձեզնով, այլ ուզում են արգելք լինել ձեզ, որպէսզի նախանձախնդիր լինէք իրե՛նց համար: 18 Բայց լաւ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին եւ ոչ թէ՝ միայն այն ժամանակ, երբ ձեր մէջ եմ,